ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կալինինգրադը ներկայացավ Հայաստանին

Կալինինգրադը ներկայացավ Հայաստանին
19.06.2009 | 00:00

ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՊԵՐ
Չորեքշաբթի օրը` հունիսի 17-ին, Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի ներկայացուցչական պատվիրակությունը` նահանգապետ Գեորգի Բոոսի գլխավորությամբ։ Այդ քառօրյա այցի նպատակն է ավելի սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Հետաքրքիր է, որ մարզային իշխանության ներկայացուցիչների հետ ժամանեցին նաև գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ` ներառյալ «երիտասարդական դեսանտը», ի դեմս սպորտսմենների, երաժիշտների, ինտելեկտուալների։
Այցի շրջանակներում նախատեսված էին ամենաբարձր մակարդակով մի շարք հանդիպումներ։ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Կալինինգրադում պատահական չէ։ Ռուսաստանի ամենաարևմտյան տարածաշրջանում այսօր ապրում և աշխատում է 9 հազար հայ, որոնք կազմում են բնակչության շատ ակտիվ և նկատելի մի հատվածը։ Կալինինգրադի մարզում 5 տարի առաջ ստեղծվել է հայկական տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն, որն ընդգրկում է հայկական ազգային-մշակութային երեք ընկերություններ։ Բոլորին հայտնի «սաթի երկրամասում» արդեն տասներորդ անգամ անցկացվելու է Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը։ 2006-ից Ռուսաստանի արտգործնախարարությունը Կալինինգրադում հիմնել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի պաշտոն, ինչը Երևանի հետ համագործակցության նոր ազդակ հանդիսացավ։
Իր առանձնահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ արտաքին տնտեսական գործունեությունը Կալինինգրադի մարզում շատ ավելի ակտիվ է, քան Ռուսաստանի այլ հատվածներում։ Տեղական գործարարների մեծամասնությունը մասնակցում է արտաքին տնտեսական գործունեությանը։ Տարածաշրջանը շրջապատված է Եվրամիության անդամ երկրներով, նավահանգիստը չի սառչում, զարգացած են ենթակառուցվածքները, իսկ ներդրումային մթնոլորտը նպաստում է արտերկրյա կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ձեռնարկությունների առկայությանը։ Արտասահմանյան ներդրողների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ չի նվազում, որովհետև այն ամենակարճ ճանապարհն է դեպի ռուսական մեծ շուկա։ Կալինինգրադի մարզի ղեկավարությունն իր հերթին շահագրգռված է ներդրումներով, և վարչակազմի գործունեության հիմնական ուղղություններից մեկը բարենպաստ ու հավասար պայմանների ստեղծումն է սեփականության ցանկացած ձևով գործող ձեռնարկությունների համար։ Այդ թվում` արտերկրյա կապիտալի, տեղական, միջին և մանր բիզնեսի, հատկապես տուրիզմի ոլորտում։ Այդ ամենին նպաստում է հատուկ տնտեսական գոտու կարգավիճակը, որը տարածվում է ամբողջ մարզի վրա և ռեզիդենտ-ընկերությունների համար ենթադրում է զգալի հարկային արտոնություններ, վարչական աջակցություն, պարզեցված անցագրային ռեժիմ` արտասահմանյան գործարարների համար։ Տարածաշրջանում ներկայացված են ավելի քան 40 երկրների բիզնես-կառույցներ։
Ներկայումս Կալինինգրադում գործում են ավելի քան 6 հազար արդյունաբերական ձեռնարկություններ` ամենատարբեր ոլորտներում։ Սկսած վերամշակող արդյունաբերությունից, էլեկտրոնիկայի և տրանսպորտային միջոցների արտադրությունից, վերջացրած նավաշինությամբ, օգտակար հանածոների շահագործմամբ և էլեկտրաէներգետիկայով։ Առաջնահերթ ուղղությունները Կալինինգրադի ղեկավարության տնտեսական քաղաքականության մեջ ագրոարդյունաբերական համալիրի զարգացումն է, տուրիզմը, տրանսպորտային համալիրը, դեպի արտահանում կողմնորոշված և ներմուծումը փոխարինող արտադրությունները, տեխնոպարկերի և լոգիստիկայի կենտրոնների ստեղծումը։ Հանրագումարում այդ ամենը հատուկ տնտեսական ռեժիմի պայմաններում թույլ է տալիս հուսալու, որ հայկական բիզնեսը կկարողանա իր համար գործունեության նպաստավոր ոլորտներ գտնել։
Հենց այդ նպատակով էլ Կալինինգրադի պատվիրակության` Հայաստան ժամանելու երկրորդ օրն անցկացվեցին բիզնես-ֆորում և Կալինինգրադի ապրանքարդյունաբերողների ցուցահանդես Երևանի «Մոսկվայի տանը»։ Ցուցահանդեսը շարունակվեց երկու օր, ինչը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու «սաթի երկրամասում» արտադրվող ապրանքներին և գործարար շփումներ հաստատել։ Անշուշտ, միայն տնտեսությունը չէ, որ Կալինինգրադի պատվիրակության ուշադրության կենտրոնում է։ Այսօր` հունիսի 19-ին, Ռուսաստանի ամենաարևմտյան մարզի պատվիրակությունը կայցելի Եղեռնի հուշահամալիր` 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու, ապա մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նույն օրը Հայաստանի սլավոնական համալսարանի ուսանողները ևս հնարավորություն կունենան հանդիպելու Կալինինգրադի մարզի ղեկավարին, ինչպես նաև մրցելու «ՈՒրախների և հնարամիտների ակումբի» իրենց կալինինգրադցի հասակակիցների հետ։ Համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելով` Կալինինգրադի մարզը մեծ նշանակություն է տալիս միջազգային և միջտարածաշրջանային կապերի զարգացմանը հատկապես այն երկրների հետ, որոնք պատմականորեն և հոգևոր առումով մոտ են ռուսաստանցիներին, և, անշուշտ, այդպիսի երկրներից է Հայաստանը։

Դիտվել է՝ 4343

Մեկնաբանություններ